Մոտենում է Ապրիլի 24-ը։ Ծաղկասարերը շուտով կխոնարհվեն ցեղասպանված զոհերի հիշատակաց առաջ, խնկածուխը նորից երկինք կգնա:
Մի քանի անգամ ասել եմ, որ վանեցու թոռ եմ, գիտեմ, թե ազգիս բնաջնջումը ինչ ողբերգական դաջվածք է մնում հայի ճակատին, չանհետացող, անձը հաստատող, անուն ազգանունի պես մի բան, աղաղակող ճակատագրական մի եղելություն։ Աշխարհով մեկ սփռված մեր ցավն է, չսպիացող , արյունը վրան, որը միշտ թարմանում է ներսից։
Հիմա ճիգ է արվում պատմության անիվը տեղաշարժել, շրջել, հարմարեցնել նոր օրերի ձևաչափին։
Մեկ ու կես միլիոն հայի եղեռնը, ցեղասպանությունը համարել կասկածելի, ոչ ռեալ թվաբանություն՝ ի շահ թշնամու ։
Անհնարին ջանք է:
Մեկ է, ջահակիրների մի ողջ բանակ, երիտասարդական իր երթերով մշտապես թարմացնելու է ապրիլյան այդ օրվա ողբերգությունը, հիշեցնելու է աշխարհին նման արհավիրքը, և ցավի այդ կրակը երբեք չի կարող մոխրանալ, ինչ արհեստական քամիներ էլ նրա գլխավերևում սուրան։
Մեր պատմությունը քարագիր է, ժայռաբեկոր, ոչ մի բանդիկավոր մուրճիկ ի զորու չէ սասանել նրա ձևն ու բովանդակությունը։ Նորից կրկնեմ՝
Վանեցու թոռ եմ, իմ երակներում է պապերիս ողբերգության սզուն...
Հեռու մնացեք այդ կրակից, բոցեղեն շեղբերը շատ են սրածայր ու անհանդուրժելի:
Թույլ տվեք, ի պատասխան մի ամպագոռգոռ, բարձրագոչ հոխորտանքի, ես էլ նմանակեմ հայտնի այս խոսքերը` հղված իշխանավորներին.
-Հանգիստ նստեք տեղներդ։
Հռիփսիմե Հովհաննիսյան